Սկսեմ սկզբից:
Ուղևորվեցինք Սբ. Երրորդություն եկեղեցու մոտից: Ժամեր անց հասանք Թբիլիսի,
մտանք թիվ 98 դպրոց, ու քիչ հետո դպրոցի ուսուցիչներից մեկը սկսեց կարդալ մեր անունները
ու մեզ իրենց տանը հյուրընկալող սովորղների անունները:
Մտածում էի, թե արդյո՞ք լավ
ընտանիք «կընկնեմ», իսկ եթե ո՞չ: Վերջապես լսեցի իմ անունը: Ասվեց, որ մնալու եմ Էդգար
Վանյանի տանը: Ծանոթացանք իրար հետ, քիչ հետո գնացինք նրանց տունը: Ծանոթացա նրա հայրիկի,
մայրիկի ու երկու եղբայրների հետ: Շատ լավ դիմավորեցին ինձ, ցույց տվեցին սենյակս,
անկողինս և այլն:
Հենց առաջին օրը դուրս եկանք Թբիլիսիով զբոսնելու: Երբ տեսանք
միմյանց, սկսեցինք բոլորս պատմել մեր ընտանիքների, «ծնողների» մասին: Զբոսնեցինք քաղաքով, նստեցինք ճոպանուղի, եղանք Թամար թագուհու արձանի մոտ և այլն: Չնայած նրան, որ հաց կերել էինք, տանը ստիպեցին որ էլի ուտեմ ու առհասարակ ամբողջ օրը ասում էին. «Կեր, Նարեկ ջան, կեր: Սենց չի լինի է, չես ուտում ախր»:
Ընտանիքի փոքրը 2 կամ 3-ամյա Էդվինն էր, իսկ մեծը 20-ամյա Էրիկն էր: Ազատ ժամանակ, որից հազվադեպ էինք ունենում, խոսում էինք Հայաստանի, Վրաստանի մասին, զուգահեռներ էինք անցկացնում երկու երկրների միջև, համեմատում: Երեկոյան էլ ֆիլմեր էինք դիտում:
Հինգ օրերն այնքան արագ անցան, որ գնալու պահը շար արագ եկավ: Ամեն դեպքում, եկավ վերջին օրը ու պետք է բաժանվեինք: Ե՛վ ուրախ էի, և՛ ոչ: Ուրախ էի, քանի որ կարոտել էի Հայաստանը, Երևանը, ընտանիքիս, ընկերներիս: Տխուր էի, քանի որ ավարտվում էին հիանալի օրերը: Այնուամենայնիվ, պետք է վերադառնայինք: Տխրությամբ բաժանվեցինք ու եկանք Հայաստան:
Բարեբախտաբար, ինձ բաժին հասած ընտանիքը շա՜տ լավն էր, չնայած չկար որևէ վատ ընտանիք: Ուրախությամբ եմ հիշում այդ 5 թբիլիսյան օրերը ու կարոտում: Կարոտում եմ նաև վրացահայ ընկերներիս, ովքեր մի քանի շաբաթից կլինեն կրթահամալիրում: Սպասում եմ նրանց, որ ես էլ նրանցից մեկին հյուրընկալեմ մեր տանը:
Շատ շնորհակալություն Թբիլիսիում բնակվող Վանյանների ընտաիքին:
Комментариев нет:
Отправить комментарий