Իմիկո Մսխիլաձե
Թբիլիսիի 37-րդ դպրոց
11 դասարան
Ես Իմեդա / Իմիկո/ Մսխիլաձեն եմ: Ապրում և սովորում եմ քաղաք Թբիլիսիի հնագույն թաղամասերից մեկում՝ Չուղուրեթիում:
Այս թաղամասում իրար կողքի են ապրում վրացի, հայ, հրեա, եզդի, ռուս, ուկրաինացի և այլ ազգի ներկայացուցիչներ: Հետևաբար, լավ գիտենք ազգային ավանդույթներն ու հարգալից ենք վերաբերվում միմյանց: Իմ հարազատ դպրոցի պատերի ներքո իրար կողքին սովորում են տասնհինգից ավելի ազգության երիտասարդներ: Չեմ կարող չհիշել այն օրը, երբ մեր դպրոցի տնօրենը տեղեկացրեց, որ Երևանից հյուրեր ենք սպասում, որ մենք ենք նրանց հյուընկալելու մեր ընտանիքում: Վիճակահանությունից հետո իմացա, որ մեր ընտանիքում է հյուրընկալելու Վահագն անունով մի տղա: Վահագնի հետ մենք ամբողջ օրը միասին էինք անցկացնում, իրար էինք պատմում մեր երկրների մասին, միասին մասնակցում էինք մեր դպրոցի կողմից կազմակերպված նախագծերին և բոլոր միջոցառումներին... Շուտով եկավ այն սպասված պահը երբ ես առաջին անգամ ոտք դրեցի իմ նոր հայ ընկերոջ հայրենիքը...
Չնայած շատ էի լսել Հայաստանի գեղեցկության մասին, բայց վրացիները ասում են՝ հարյուր անգամ լսածը լավ է մեկ անգամ տեսնել: Առաջին իսկ վարկյանից հիացա Արարատ սարի գեղեցկությամբ, Երևանի փողոցներով...բայց լավագույնն ու զարմանալին դեռ առջևում մեզ էր սպասվում... Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, որ բախտ եմ ունեցել հյուրընկալվել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Որը ոչ միայն ինձ համար, այլ յուրաքանչյուր մարդու համար մեծ հայտնագործություն է: Կրթահամալիրը իր կրթական ծրագրերով, նախագծերով, իր պոտենցյալ հնարավորություններով և հրաշալի բազայով: Ինձ ամենաշատը տպավորել է հանդիպումը Աշոտ Բլեյանի հետ, նրա ողջույնի ժեստը, որը մինչև օրս ոչ մի տեղ չեմ հանդիպել, անկեղծ ասած այն փոխանցվել է մեր պատվիրակության յուրաքանչյուր անդամին: Ես, որպես սովորող իմացա ,թե ինչքան բազմազան և հետաքրքիր կարող է լինել դպրոցական կյանքը: Կրթահամալիրում զգացվում էր, որ բոլորը, ամեն ինչ կենտրոնացված է սովորողների բարեկեցության վրա...
Ինձ զարմացրեց իմ հասակակիցների ուշադրությունը, յուրաքանչյուր հյուրընկալողի և դասավանդողի խանդավառությունը, տնօրեն՝ Աշոտ Բլեյանի հոգատարությունը: Նա փորձում էր ամեն ինչ անել, որպեսզի մենք շատ բան տեսնեին և իմանայինք Հայաստանի և հայ ժողովրդի մասին: Երևանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում լսած դասական երաժշտությունից հետո համոզվեցի, որ Անդրկովկասը տաղանդավորների օրրանն է: Ինձ բախտ է վիճակվել երկու անգամ հյուրընկալվել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, երկու անգամ էլ եղել եմ «Սեբաստացու» օրերին: Համտեսել եմ այդ օրվա հետ կապված հիանալի «Հարիսան» և նռան գինու անմոռանալի համը մինչև այսօր մնացել է հիշողությանս մեջ: Երկու այցելության ժամանակ էլ տեսել ենք սուրբ Էջմիածինը: Շատ շուտ է անցնում ժամանակը, թերթում ենք օրացույցի էջերը: Անցան օրերը, բայց այնտեղ անցկացրած յուրաքանչյուր րոպե, յուրաքանչյուր վարկյան կազմում է իմ կյանքի նշանակալից մի մասը... Շնորհակալ եմ, որ կարող եք այդպես հյուրընկալել: Շնորհակալ եմ իմ բարեկամներ, որ կարողանում եք այդպիսի բարեկամություն անել, բարեկամություն, որը ճանապարհ է և կամուրջ երկու ազգերի միջև: Թող միշտ արև լինի, թող միշտ լինի Հայաստանը...
թող միշտ լինի Վրաստանը...
և թող լինի
խաղաղություն և հավերժ բարեկամություն մեր երկու ազգերի միջև:
Комментариев нет:
Отправить комментарий