Օրեր առաջ կրկին Թբիլիսիում էի, մի քաղաքում, որի հետ սերտորեն կապված են եղել մեր մեծերը: Երբ առաջին օրը Ծղնեթիում տեղավորվելուց հետո քաղաքով զբոսնելու դուրս եկանք, հետազոտում ու զննում էի այն վայրերը ուր եղել էի շաբաթներ առաջ, փորձում էի գտնել տարբերություններ և այլն: Ամեն ինչ նույնն էր՝ էլի գեղեցիկ,հաճելի ու լուսավոր: Կարոտել էի քաղաքը, զբոսնելիս հիշում էի, թե անցած անգամ այդտեղով քայլելիսինչ եմ արել, ում հետ եմ եղել, ինչի մասին եմ խոսել...
Մարտի վերջին կատարածս ճամփորդությունն ու այս անգամվանը երևի չեմ կարող համեմատել: Այս անգամվա լավն այն էր, որ բոլորով միասին մի շենքում էինք բնակվում Ծղնեթում, գեղեցիկ բնության մեջ: Անցած անգամ էլ լավ էր, որ բնակվում էինք վրացիների կամ վրացահայերի տներում: Ի դեպ, առիթը բաց չթողեցինք և երբ գնացինք թիվ 98 դպրոցի մոտ գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցի, մի քանի րոպեով մտանք դպրոց, գտանք մեր ընկերներին, զրուցեցինք: Մրցույթի օրը թիվ 98 դպրոցի տնօրեն Գիորգի Մոմցելիձեն եկավ Թբիլիսիի Ազգային գրադարան, որտեղ կայանում էր «Ընթերցում ենք Ռուսթավելի» մրցույթը: Նա ուզում էր իմանալ ինչպես է մեր տրամադրությունը և հրավիրեց արդեն մեզ հարազատ դարձած 98 դպրոց: Հաջորդ օրը արդեն բոլորով այցելեցինք դպրոց, հանդիպեցինք տնօրեն Գեորգի Մոմցելիձեին, կրթահամալիրի մեր ընկերներին, ովքեր առաջին անգամ էին Թբիլիսիում , ծանոթացրեցինք մեր վրացի ընկերների հետ : Միասին հիշեցինք այն հիանալի օրերը, որոնց ընթացքում միասին ենք եղել:
Շատ չեմ ուզում խոսել «Ընթերցում ենք Ռուսթավելի» մրցույթի մասին, քանի որ առհասարակ մրցույթի ֆորմատը չհավանեցի՝ անգիրի մրցույթ էր, սովորողները անգիր էին արել Ռուսթավելու «Վագրենավորը» և եկել ասմունքում էին կամ բեմականությամբ հանդես գալիս: Ով ավելի լավ էր ասում իր անգիրը, նա էլ հաղթում էր: Միօրինակ մրցույթ էր: Սակայն մենք՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ներկայացուցիչներս, մրցույթին ներկայացանք այլընտրանքային ձևով՝ ֆիլմեր էինք պատրաստել: Բնականաբար, ստացանք մրցանակներ, պատվոգրեր:
Կրկին զբոսնում ենք, երբեմն տեսնում էի ծանոթ դեմքեր՝ փողոցում հուշանվերներ, ադի բուդի, բամբակ վաճառողների: Զբոսնում ու զբոսնում էինք, նոր վայրեր գնում, նոր ու էլ ավելի գեղեցիկ ոճով կառուցված շենքերի հանդիպում: Որպես էկո-հայրենագիտական ակումբի սովորող, կրկին ուշադրություն էի դարձնում մթնոլորտի, տարածքի աղտոտվածությանը: Թբիլիսին, որին սիրում եմ կոչել Թբիլիսո, այդքան էլ չէր տարբերվում Երևանից՝ կենտրոնական հատվածները մաքուր էին, իսկ ծայրամասերը, այդ թվում՝ Հավլաբարը՝ աղտոտված:
Իսկ Ծղնեթիում երեկոները հիասքանչ էին անցնում: Երբ արդեն համարյա գիշեր էր, կրակ էինք վառում բակում, նստում շուրջը, խոսում, քնում: Այնուամենայնիվ, վերադարձել ենք Երևան: Ոչինչ, չեմ կարծում որ մինչ մյուս Թբիլիսի գնալուն երկար ժամանակ է մնացել:
Նարեկ Սահակյան
Комментариев нет:
Отправить комментарий