Փարաջանովի մասին պատմություններն ու հուշերն անվերջ են։ Սերունդներին Փարաջանովը կարող էր ավելի մեծ կինոժառանգություն թողնել, եթե չլինեին նրա կինոյի նկատմամբ արգելքներն ու բանտային տարիները։ Փարաջանովի շուրջը մշտապես պտտվել են նրա արվեստով ու կերպարով հետաքրքրվածները, բայց ոչ բոլորին է տրված եղել նրա աշխարհ ներթափանցելու իրավունքը։
Ծնվել է 1924թ-ին Թիֆլիսում, որտեղ և ստացել է միջնակարգ կրթություն: 1945թ-ին ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի/ՎԳԻԿ/ ռեժիսորական ֆակուլտետը: 1952թ-ից աշխատել է Կիևի Դովժենկոյի անվան կինոստուդիայում որպես բեմադրիչ ռեժիսոր: Մինչև 1963թ. նկարահանել է 4 լիամետրաժ գեղարվեստական, և 3 վավերագրական ֆիլմեր, որոնք ոչնչով աչքի չեն ընկնում: 1964թ-ին «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը նրան համաշխարհային ճանաչում է բերում: Սակայն Փարաջանովի կյանքի տարօրինակությունը կայանում է նրանում, որ այն պահից, երբ նա դառնում է հայտնի սկսվում են նրա դժբախտությունները: 1965-ին նա սկսում է նկարահանել «Կիևյան որմնանկարներ» հակապատերազմական ֆիլմը, որը շուտով արգելվում է իշխանությունների կողմից։
1966թ-ին նրան հրավիրում են Հայաստան։ Փարաջանովը առաջարկում է նկարահանել «Սայաթ-Նովա» ֆիլմը: Նա շրջում է Հայաստանով, ծանոթանում է նրա ճարտարապետությանը և արվեստին: Մեծ ոգևորությամբ նա նկարահանում է այդ ֆիլմը, որը դարձավ նրա լավագույն ֆիլմը: Ֆիլմը մեծ դժվարություններով դուրս եկավ էկրան՝ «Նռան գույնը» անունով:
Դրանից հետո Փարաջանովը 15 տարի վտարվեց կինոյից. ավելին նրան երկու անգամ բանտ նետեցին՝ 1974-1978թթ. ՈՒկրաինայում և 8 ամիս Թիֆլիսում՝ 1982թ.: Այդ դաժան վերաբերմունքի իրական պատճառը նրա լեզուն էր և արվեստը, որը չէր գոհացնում իշխանությանը:
Երևանում Ս. Փարաջանովի թանգարանում հավաքված են նրա հազարից ավելի արվեստի գործերը: Կյանքի վերջում նա նկարահանեց ևս 2 ֆիլմ «Գրուզիա ֆիլմ» կինոստուդիայում՝ «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» և «Աշուղ ղարիբ»:
Комментариев нет:
Отправить комментарий