среда, 28 октября 2015 г.

Մցխեթա

Բազիրգանյան Սոնա 10 դաս.

Աշուն է, երևանյան երկարատև ու գեղեցիկ աշունը... Կուզեի իմ աշնանային արձակուրդը վայելել այդ աշնան գրկում՝ անվերջ քայլել Երևանի փողոցներով, հետո հոգնած վերադառնալ տուն և քնել ուզածիս չափ... Բայց երբ ստացա Թբիլիսի մեկնելու առաջարկը... Եվ ահա ես Թբիլիսիում եմ։  Ընկերներիս հետ ամբողջ օրը մեծ հետաքրքրությամբ ծանոթանում եմ քաղաքին, այցելում նրա տեսարժան վայրերը, ծանոթանում մարդկանց ու մշակույթի հետ։  Քաղաքն ինձ դուր է գալիս, բայց թող ների ինձ Թբիլիսին, եթե ինձ ավելի հոգեհարազատ լինի խոսել Մցխեթա կատարած այցի մասին։ Քաղաքը հիմնադրվել է մ. թ. ա. առաջին հազարամյակի երկրորդ կեսին։ Այնտեղի բնակիչներն ասացին, որ քաղաքը բավականին բարձր ու անառիկ դիրք ունի, և որ Վրաստանի պատմության մեջ շատ են դեպքերը, որ այն իր անառիկությամբ շատ կարևոր դեր է խաղացել պատերազմների ու ճակատամարտերի ժամանակ։ Սակայն այս ամենից զատ քաղաքում ինձ գրավեց մի բոլորովին այլ բան։ Քաղաքը կարծես գրկաբաց ընդունեց ինձ ու մոռացության մատնեց մինչ այդ ունեցածս անհանգստություններն ու մտահոգությունները։ Ես ինձ ավելի մոտ էի զգում երկնքին, քան երբևէ։ Ես մոռացել էի, որ Վրաստանում եմ գտնվում. այդ պահին քաղաքն ինձ թվում էր համայն մարդկության սեփականությունը։ Այն կարծես մի ուրիշ աշխարհում գտնվելիս լիներ, իսկ «հին աշխարհից» ունեցած իմ հիշողությունները ինձ թվային մի հեռավոր ու անիրական անցյալ։ Աչքերս, որ մինչ այդ հոգնածությունից փակվել էին ուզում, ասես լուսավորվեցին, ու ներսս մի տեսակ տակնուվրա եղավ։ Ինձ ինչ-որ արտասովոր ուժ ու անսահման ոգևորություն համակեց։ Ուզում էի ուժգին գոռալ, ուզում էի ինչ-որ կերպ արտահայտել ուրախությունս ու միջիցս դուրս հորդող անսպառ էներգիան։ Գուցե այդ հինավուրց քաղաքի դարերի շու՞նչն էր պարուրել ինձ, թե՞ մի այլ՝ անմեկնելի խորհուրդ կար այնտեղ։ Ուզում էի անվերջ քայլել քաղաքի այնքան պարզ ու միաժամանակ այնքան գրավիչ փողոցներով ու չդադարել հիանալ դրանցով։ Ուզում էի բոլորի հետ կիսել ուրախությունս ու նրանց էլ համակել այդ երջանիկ զգացումով... Բայց մի՞թե մարդիկ կհասկանային ինձ, մի՞թե նրանք էլ էին զգում այդ ամենը, թե՞ նրանց համար դա մի սովորական գեղեցիկ քաղաք էր... Ու որոշեցի այնուամենայնիվ իմ մեջ պահել այն, ինչ զգում էի, որ ոչ ոք չկարողանա, թեկուզև առանց իր ցանկության, որևէ կերպ ազդել իմ տրամադրության ու հոգեվիճակի վրա։ Հիմա այլևս չեմ վախենում այս ամենը բոլորին պատմել. չէ՞ որ քաղաքից դուրս գալուց հենց առաջին իսկ պահից այդ ամենը կարծես երազում եղած լիներ... Այն երանելի երազներից, երբ ամեն ջանք գործադրում ես, որ նորից քնես ու տեսնես երազիդ շարունակությունը, բայց ինքդ էլ քաջ գիտակցում ես, որ երազն էլ հավքի նման է. մի անգամ որ ձեռքիցդ բաց թողեցիր, հետո ինչքան էլ ուզում ես ձեռքերդ թափ տուր ու բղավիր, հետ չի գա։ Ամենաշատը կարող ես նայել նրա ետևից ու հիշել այն բաղձալի պահը, երբ նա քեզ մոտ էր, մինչև որ ամբողջովին կանհետանա երկնի անսահման լազուրում։ Հենց դրա համար էլ որոշեցի պատմել ամենը, որ կարողանամ ավելի երկար հիշել։ Բայց և հասկացա, որ ճիշտ էր Ջերոմ Դեյվիդ Սելինջերի հերոսը, երբ ասում էր, որ որևէ բան պատմելիս անպայման սկսում ես կարոտել պատմածդ...

Комментариев нет:

Отправить комментарий